Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի հետեւել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խորհրդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան հատնեց անձամբ նախարարը:
Մեր հարցին, թե հետեւեցիք պատգամավորի խորհրդին եւ աշխատանքից ազատեցիք ձեր այն աշխատակցին, ով ձեզ համար «հայտնի» ելույթի տեքստն էր գրել, նա պատասխանեց. «Ոչ մի բան էլ չարեցի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովում օրերս զավեշտալի դեպք էր տեղի ունեցել: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարին, թե որտեղից է վերցրել 21 հազար հա-ով հողատարածությունների ավելացման փաստը, եւ 13%-ով՝ անասունների գլխաքանակի ավելացումը:
Ի զարմանս ներկաների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը պատրաստի գրավոր տեքստ կարդաց, ասելով, որ կարկուտը շահարկվում է քաղաքական նպատակներով: «Արմավիրցին պետության օգնության կարիքն ունի, ոչ թե սրտաճմլիկ ամբիոնային եյույթների ու 1 օրում գյուղատնտես դարձածների»,- Ս. Կարապետյանը:
Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն առաջարկել է աշխատանքից ազատել գյուղնախարարության այն աշխատակցին, ով գրել է այդ տեքստը, իսկ նախարարին առաջարկել պատասխանել իր հարցերին:
«Ես ձեզ առաջարկում եմ, հիմա վերադարձեք նախարարություն ու աշխատանքից ազատեք ձեր այն աշխատողին, ով այս տեքստը գրել ու տվել է ձեր ձեռքը: Ես ձեզ կոնկրետ երեք հարց եմ ուղղել, փոխանակ դրանց պատասխանելու, դուք այստեղ ի՞նչ եք անում: Կարդում եք, որ ի՞նչ անեք»,- ասել էր Աղվան Վարդանյանը:
Ս. Կարապետյանը հավաստիացրել էր, որ 21 հազ. հա-ով ցանքատարածությունների ավելացում տեղի է ունենալու, ու գյուղատնտեսության ցուցանիշները լինելու են բարձր:




























