Ֆրանսիայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, որն ստացել է MERS-CoV անվանումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Կորոնավիրուսով վարակված Լիլի 65-ամյա բնակիչը մահացել է մայիսի 28-ին, ասվում է ԵՄ առողջապահության եւ սպառողների պաշտպանության գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին եւ կոչ է արել բնակչությանը խուճապի չմատնվել:
Կորոնավիրուսից մահացած տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի վերջին՝ Դուբայից վերադառնալուց հետո: Նա բարձր ջերմություն եւ շնչառական խնդիրներ է ունեցել: Նրա հետ նույն հիվանդասենյակում գտնվողն հիվանդը վարակվել է եւ ներկայումս գտնվում է ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ MERS-CoV կորոնավիրուսի նոր տարատեսակը ի հայտ է եկել 2012-ի սեպտեմբերին: Կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:




























