Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանն իրենց «հանդուրժողականությունը» եւ «մարդասիրությունը» ցույց տալու հերթական փորձն են ձեռնարկել:
Այսպես, այսօր Բաքվում մեկնարկում է միջմշակութային երկխոսության համաժողովը: Միջոցառման հիմնական գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Միջքաղաքակրթական դաշինքը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն միջազգային կառույցների ղեկավարներ, նախարարներ, փորձագետներ, գիտնականներ, ուղեղային կենտրոնների ղեկավարներ՝ հարյուրից ավելի երկրներից: Նախատեսվում է քննարկել միջմշակութային հարաբերությունների բնականոն զարգացմանը խոչընդոտող հարցեր, միջմշակութային երկխոսության հայեցակարգային, քաղաքական եւ գործնական ասպեկտները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ընդ որում, ոչ լրատվամիջոցները, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԽ-ն չեն հետաքրքրվում՝ ի՞նչ երկխոսության մասին է խոսքն այն երկրում, որը պետական մակարդակով զբաղվում է այլ ազգի մշակութային ժառանգության ոչնչացմամբ, տվյալ դեպքում՝ հայ: Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ջնջել հայերի գոյության հետքերը՝ բառիս բուն իմաստով բուլդոզերներով քանդելով Նախիջեւանի խաչքարերը: Կատարած հանցագործությունների հետքերն ամբողջովին թաքցնելու համար Ջուղայում արգելվել է արտասահմանցի դեսպանների մուտքը: Ադրբեջանի իշխանությունների «հանդուրժողականության» մասին են խոսում Բաքվում եւ Սումգայիթում տեղի ունեցած հայոց ջարդերը, հակահայկական անվերջ հայտարարությունները, Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց Ադրբեջան մուտք գործելն արգելելը:




























