Բաքվում, այսօր՝ մայիսի 29-ին, ձերբակալել եւ անհայտ ուղղությամբ են տարել ՆԳ նախկին նախարար Իսքենդեր Համիդովին: Ականատեսների խոսքով՝ քաղաքացիական հագուստով մի քանի մարդիկ ներկայացել են որպես ոստիկաններ, գետնին են տապալել Համիդովին, ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրել ու տարել: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Նարիմանով» կայարանի մոտ, հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Turan գործակալությունը:

Նշվում է, որ նախօրեին ՆԳ նախկին նախարարը մասնակցել է Բաքվից ոչ հեռու գտնվող Նովխանի ավանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին: Ակցիայի ընթացքում նա քննադատել է երկրի իշխանություններին՝ նրանց անվանելով «անբարոյական»: Համիդովը նաեւ ընդդիմությանն առավել արմատական գործողությունների կոչ է արել, հավելելով, որ խաղաղ իշխանափոխությունն անհնար է:

Ադրբեջանի ՆԳՆ-ում որեւէ կերպ չեն մեկնաբանել Համիդովի ձերբակալությունը:

Իսքենդեր Համիդովը երկրի ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1992-ի մայիսից մինչեւ 1993-ի ապրիլ: 1995-ին նա մեղադրվել է յուրացումների մեջ եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Նա ազատ է արձակվել 9 տարի հետ՝ համաներմամբ: