Նոյեմբերի 1-ին կենսաչափական անձնագրերի ներդրումից մինչև նոյեմբերի 3-ը ստացվել է 7700 դիմում։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Հայ փաս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեժիս Բուշիեն։
Բուշիեի խոսքով՝ ընկերությունը ստեղծվել է անցյալ տարվա ապրիլին, իսկ իր գործառույթների իրականացմանն անցել է նոյեմբերի 1-ից։ Ստեղծվել են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, վերապատրաստվել է ավելի քան 200 աշխատակից։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը նշել է, որ այս պահին հերթերը մեծ չեն, իսկ հերթագրվածների սպասման ժամկետը մոտ մեկ օր է։ Նրա խոսքով՝ սա ոչ թե պահանջարկի բացակայության, այլ սպասարկման բարձր թողունակության արդյունք է։ Սպասարկումն իրականացվում է ստանդարտ ընթացակարգից երկու անգամ ավելի արագ և տևում է առավելագույնը 5–6 րոպե։
Անդրադառնալով ի հայտ եկող խնդիրներին՝ Դավթյանը նշել է, որ կատարյալ ընթացակարգեր չկան, իսկ բացահայտված խնդիրներն օգնում են բարելավել գործընթացը։ Նրա խոսքով՝ դժվարություններ կարող են առաջանալ որոշ փաստաթղթերի բացակայության կամ երեխաների ծննդյան վկայականները թվայնացված չլինելու դեպքում։
Խոսելով կենսաչափական անձնագրերի բարձր արժեքի՝ մոտ 29 հազար դրամի մասին՝ Դավթյանը կոչ է արել փոխել այս փաստաթղթի վերաբերյալ ընկալումը։ Նա հիշեցրել է, որ երկրի ներսում անձի նույնականացման համար բավարար է նույնականացման քարտը, իսկ անձնագիրն անհրաժեշտ է միայն սահմանը հատելու համար։ Նրա խոսքով՝ նոր նմուշի անձնագրերը կեղծման հնարավորությունները հասցնում են զրոյի։
Բուշիեն հավաստիացրել է, որ «Հայ փաս»-ի գործառույթը բացառապես հերթագրման առցանց հարթակի ստեղծումն է, իսկ փաստաթղթերի տրամադրման լիազորությունները վերապահված են պետությանը։ Նա ընդգծել է, որ ապահովված է անվտանգության և տվյալների պաշտպանության բարձրագույն մակարդակ։





























