Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր` մայիսի 29-ին, հրավիրված աշխատանքային քննարկումը գազի թանկացման վերաբերյալ այդպես էլ տեղի չունեցավ:
Քննարկմանը մասնակցելու ցանկություն էին հայտնել բազմաթիվ ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք չէին տեղավորվում այդ դահլիճում, որտեղ նույնիսկ տարրական պայմաններ չէր ապահովված (ֆոտոռեպորտաժ):
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը առաջարկեց տեղափոխվել շենքի մեկ այլ դահլիճ, սակայն հանդիպմանը մասնակցողները չհամաձայնեցին` ասելով, թե պետք է այդ մասին ավելի վաղ մտածել: Հանձնաժողովի նախագահը չէր ցանկանում մեծ դահլիճում քննարկում կազմակերպել, քանի որ, իր իսկ խոսքով, «չի ցանկանում, որ աշխատանքային քննարկումը վերածվի շոուի»:
Այս արտահայտությունը հունից հանեց հանդիպմանը ներկա Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին, ով ասաց, որ եթե դուք չեք կարող ավելի մեծ դահլիճ ապահովել եւ հնարավորություն չունեք կազմակերպել հանրային քննարկումը՝ ապահովելով քաղաքացիների ներկայությունը, ապա մենք կկազմակերպենք այդ քննարկումը եւ ձեզ կհրավիրենք:
Հաջորդ աշխատանքային քննարկման մասին հանձնաժողովը պետք է լրացուցիչ կտեղեկացնի իրենց կայքում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























