Ո´չ Պաշտպանը, ո´չ էլ իր աշխատակազմը երբեւէ չեն հեղինակել եւ չեն հեղինակի առանձին խմբերի համար նախագիծ եւ ներկայացնի որեւէ քողարկված ձեւով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես, նշվում է.
«Այսօր Խաչիկ Ստամբոլցյանը հանրությանը ներկայացրել է 3 սուտ:
Առաջին սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը պաշտպանում է համասեռամոլներին»: Իրականում «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը միտված է պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի եւ այլ շատ անհատական եւ աշխատանքի բնույթի հետ որեւէ կապ չունեցող հատկանիշների վրա: Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռեւս լիարժեք ու արդյունավետ չեն: Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաեւ կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից: Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու եւ մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսեւորում է այս անձանց նկատմամբ:
Երկրորդ սուտ՝ «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը աշնանը քննարկվելու է Ազգային ժողովում»: Իրականում Օրենքի նախագծի նախնական տարբերակը դեռ գտնվում է սաղմնային վիճակում: Պաշտպանը նույնիսկ այն չի ներկայացրել որեւէ անձի կամ պետական մարմնի, ով իրավասություն ունի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողովին: Նախագիծը դեռեւս քննարկվում է փոձագիտական մակարդակով եւ առաջիկա ամիսներին այն կներկայացվի քաղաքացիական հասարակությանը լայն քննարկման նպատակով, որից հետո միայն, միգուցե հաջորդ տարի, նախագիծը ուղարկվի օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց:
Մեկ այլ սուտ՝ «Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը մասոնական կառույցների ներկայացուցիչներ են։ Հայաստանում եւս մասոնականությունը տարածված է»:
Մեկնաբանությունները թերեւս ավելորդ են»:




























