Հայաստանի պետական բյուջեից պաշտպանության ոլորտին հատկացվում են միջոցներ մեր պետության, ժողովրդի հնարավորությունների սահմաններում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ մայիսի 29-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ այդ հատկացումների շրջանակներում իրականացվում են նաեւ կապիտալ ներդրումներ: Պաշտպանության նախարարի տեղեկացմամբ՝ հատկապես կապիտալ ներդրումների համար այլ միջոցներ են գտնում, որպեսզի ետ չմնանք ժամանակակից սպառազինության ձեքբերումից: «Գիտեք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, ու դա թույլ է տալիս սպառազինություն ձեռք բերել ավելի էժան գներով եւ ավելի հեշտ ընթացակարգերով: Մեր ռազմական գործընկերները մեզ աջակցում են, որպեսզի մեր ռազմատեխնիկական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա լինի: Այսօրվա մեր հնարավորությունների սահմաններում հատկացված միջոցները բավարարում են զինված ուժերին, հատկապես, որ միջազգային փորձի համաձայն պաշտպանության ոլորտին պետք է հատկացվի ՀՆԱ-ի 3,5%-ի չափով միջոցներ»,- նշեց Ս. Օհանյանը:

Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լրջորեն պատրաստվում է պատերազմի, անընդհատ ավելացվում են ռազմական հատկացումները, սակայն այդ հատկացումների չափը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացում առավելություն ստանալու համար;

«Մենք էլ հետ չենք մնում ռազմական կարողությունների զարգացումից: Այս պահի դրությամբ ՀՀ զինված ուժերի անձնակազմն ու գոյություն ունեցող սպառազինությունը ի վիճակի են մեր ժողովրդին պաշտպանելու»,- ասաց Ս. Օհանյանը: