Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել հակակարկտային պաշտպանության արդյունավետ համակարգ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մայիսի 30-ին կայացած ասուլիսում:
Անդրադառնալով կարկտից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով հանգանակությանը կուսակցության անդամների ամնսակցության հարցին` Արթուր Բաղդասարյանը նշել է, թե հարցին պետք է գլոբալ նայել, միայն նվիրատվություններով խնդիրը չի լուծվի:
«Մենք առաջարկում ենք երկրում հակակարկտային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել»,- ասել է Բաղդասարյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ բազմաթիվ համայնքներում տարբեր հակակարկտային կայաններ են տեղադրվել, չկա կառավարման միասնական մեխանիզմ, կադրերը լավ պատրաստված չեն: «Մենք առաջարկել ենք եւ հունիսին սկսվելու են հետազոտությունները միասնական համակարգի ստեղծման համար: Պետք է ամեն ինչ բերել քաղաքական հիմունքների վրա, գյուղատնտեսության ապահովագրության ժամանակակից համակարգ մտցնել»,- ընդգծել է Բաղդասարյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























