Ռուսաստան մուտք գործող ապօրինի ներգաղթյալների շարքերում ահաբեկիչներ ու լրտեսներ կան: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից (ԱԴԾ):

«Մենք պարզել ենք, որ որոշակի ուժեր ապօրինի միգրացիայի ներսում պառակտիչ եւ հետախուզական գործունեություն են ծավալում Ռուսաստանի դեմ: Թաքնվելով ներգաղթյալների անվան տակ, նրանք պառակտիչ ահաբեկչական գործունեություն են ծավալում»,-հայտարարել է ԱԴԾ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռոշչուպկինը՝ հանդես գալով Դաշնային խորհրդում կազմակերպված լսումների ժամանակ:

Այդ պատճառով, ըստ նրա, վեր են հանվել եւ դատապարտվել մի շարք երկրների հատուկ ծառայությունների կադրային աշխատակիցներ, որոնգ գործում են նաեւ Հյուսիսային Կովկասում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի ԱԴԾ-ում մտահոգություն ունեն, որ ներգաղթյալների հետ միասին երկիր կներթափանցեն գրոհայիններ:

«Ապօրինի միգրացիան մի շարք լուրջ սպառնալիքներ է պարունակում պետության անվտանգության համար, հաշվի առվելով, որ այսօր սահմանները թափանցիկ են եւ հանցավոր խմբավորումներն օգտվում են օրենսդրության բացերից»,-ասել է նա, հավելելով, որ այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքան ապօրինի ներգաղթյալ կա Ռուսաստանում: