2012 թ. պետական բյուջեի կատարողական նախնական քննարկումների ժամանակ պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ խմբակցություն) հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանին՝ արդյոք նախարարության կարծիքը հաշվի առե՞լ են արտգործնախարարության շենքը վաճառելիս:
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցն իր լիազորությունների շրջանակում չէ: Սակայն նրա փոխարեն պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Վերջինս նշեց, որ հարցը կոռեկտ չէ, քանի որ կառավարության թիվ 2 մասնաշենքը արտգործնախարարության սեփականությունը չէ, դա ՀՀ սեփականությունն է, ու այն վաճառելու համար ԱԳՆ-ի թույլտվության կարիքը չկա:
«Կոռեկտը ո՞րն է, կոռեկտը ձեր վերաբերմունքն է... ձեր պատասխանով վիրավորում եք…»,- ասաց Ա. Մանոկյանը:
«Նախապես ներողություն խնդրեցի, մի հատ էլ հետո եմ խնդրում, սակայն այստեղ գնահատականներ հնչեցին, որոնց չարձագանքել չեմ կարող...»,- պատասխանեց Ա. Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ կառավարության թիվ 2 մասնաշենքը աճուրդով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:



























