Պաշտպանության նախարարությունում, այսօր՝ մայիսի 30-ին, ամփոփվել է «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ են արվել` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաեւ ռազմական հոգեբանների գիտելիքների եւ հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվել են նաեւ զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվել են դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվել է սպայական անձնակազմի վերապատրաստման կարեւորությունը:

Ողջունելով մասնակիցներին եւ իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել եւ՛ բացասական, եւ՛ դրական երեւույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելել է, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարեւորել է վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման եւ մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել մայրենի լեզվի ուսուցման եւ ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` կարեւորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձեւավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել եւս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է եւ այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաեւ` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգել է պաշտպանության նախարարը:

Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշել է հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաեւ գիտաժողովի անդամներին հանձնարարել կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը: