Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալքեսանդր Սիրունյանը այսօր` մայիսի 30-ին, դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից:

Փաստաբանը պահանջում է ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանին հրապարակային ներողություն խնդրել: Հայցվորը կարծում է, որ իր հայտնի արտահայտությամբ Եղնուկյանը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

Հիշեցնենք, որ Կ. Եղնուկյանը ասել էր, թե Վարդան Սեդրակյանի փաստաբանի արտահայտությունները կոպտագույն սխալներով են ուղեկցվում, քանի որ փաստաբանն ասում է՝ «եթե նույնիսկ Հայրիկյանի վրա կրակել են, եթե նույնիսկ դա Խաչիկ Պողոսյանն է». այս արտահայտությամբ Սեդրակյանի փաստաբանի կողմից հարցականի տակ է դրվում կրակելու հանգամանքը, երբ պարզ է, որ երկու անգամ կրակել են կրծքավանդակին: Սա, ըստ բանախոսի, անբարոյականություն է։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: