Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:

Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: «Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական եւ կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:

«Շուշի-92» ազատամարտիկների եւ Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գեւորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք եւ գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին: Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում,  թոշակների եւ այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում»,- նշել է Ջուլիետա Գեւորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը: