Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները երկու անգամ այցելել են Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրսալյանը:
Նա նշեց, որ առաջին այցելության ժամանակ հնարավորություն չեն ունեցել զրուցել կնոջ հետ, ծանոթացել են փաստաթղթերին, գրանցումներին, մասնավորապես, թե որքանով են դրանք համապատասխանում օրենքին: Գրանցամատյանը ցույց տալիս հոգեբուժարանի բժիշկը ՄԻՊ ներկայացուցչին հայտնել է, որ Ամալյա Նազարեթյանը երկրորդ անգամ է հաշվառված իրենց մոտ: Այսօրվա այցելության ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են կնոջ հետ, սակայն մամուլի խոսնակը տեղեկություններ չուներ: Նա խոստացավ վաղը մանրամասներ ներկայացնել:
Ի դեպ, Նազարեթյանների ընտանիքը հայտարարություն է տարածել` հերքելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունը, թե, իբր, Ամալյա Նազարեթյանը երբեւէ հաշվառված է եղել հոգեբուժարանում: «Պարզից էլ պարզ է, որ այդ ստոր զեղծարարությունը արվում է Ամալյայի՝ հեգեբուժարան հանիրավի տեղափոխողների «կաշին փրկելու» մղումով: Այս առումով չի կարելի դատապարտել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ում եւս մոլորության մեջ են գցել: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ամալյա Նազարեթյանը երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել որեւէ հոգեբուժարանի հետ, բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում եւ նրա ադեկվատությունը կարող է հաստատել նրա հետ շփվող ցանկացած անձ»,- հայտնել է ընտանիքը:
Այս հայտարարության վերաբերյալ ՄԻՊ մամուլի խոսնակը նշեց, որ իրենք չեն ասել, թե կինը հոգեկան խնդիրներ ունի, որեւէ դիագնոզ չեն տվել, պարզապես փոխանցել են հոգեբուժարանի բժշկի խոսքերը:
Հիշեցնենք, որ 10 օր առաջ Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «Հայկական ժամանակը» գրել էր, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: «Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել է թերթը:
Իսկ հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չի բացառվում, որ 10 օր առաջ իրենց մոտ տեղափոխված Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» խանութի հետ խնդիրներ է ունեցել, բայց վստահեցրել էր, որ վերջինս հոգեկան հիվանդ է եւ նրան հոսպիտալացնելու համար Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի միջամտել: Նա նշել է, որ Ամալյա Նազարեթյանը անհանգստացրել է բնակիչներին, ագրեսիվ, ոչ ադեկվատ վարքագիծ է ցուցաբերել, նրանք դիմել են ոստիկանություն, վերջինս էլ` «Շտապօգնություն», եւ հոգեբուժական բրիգադան, որի մեջ կա նաեւ հոգեբույժ, նայել է կնոջը ու որոշել, որ բնակիչը հոգեկան հիվանդ է եւ կարիք կա տեղափոխել հիվանդանոց:




























