Կոմիտասի 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանի «Ավանի» հոգեբուժարան տեղափոխվելու դեպքի վերաբերյալ ծառայողական քննություն չի կատարվի, ոստիկանությունը ավարտել է ուսումնասիրությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:
Նշենք, որ վերջին օրերին լրատվամի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ Երեւան քաղաքի Կոմիտաս 56 շենքի 152 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին ոստիկանների եւ հոգեբույժի մասնակցությամբ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան, քանի որ տվյալ շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինությունը ցանկացել է շինարարական փոփոխություններ կատարել, ինչին դեմ է եղել Ա.Նազարեթյանը:
Ըստ տեղեկությունների` դրանից օրեր առաջ համայնքային ոստիկանության ծառայողը մոտեցել է նրա հարեւաններից մեկին եւ հորդորել, որ նա ստորագրի մի թղթի տակ` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի, սակայն վերջինս եւ նույն շենքի մյուս բնակիչները հրաժարվել են ստորագրել: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է հետեւյալը:
«2013 թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գործող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցների կոլեկտիվ դիմումն այն մասին, որ իրենց սրճարանի հարեւանությամբ գտնվող Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը պարբերաբար այցելում է սրճարան եւ հաճախորդների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնում իրենց հասցեին` խանգարելով սրճարանի բնականոն աշխատանք
Դիմումատուները խնդրել են ձեռնարկել միջոցներ` վերջինիս հոգեկան վիճակը պարզելու համար, քանի որ նրա մոտ նկատվում են տարօրինակություններ եւ շեղումներ:
Հիշյալ դիմումի կապակցությամբ նյութերի նախապատրաստումը հաձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս բացատրություններ է վերցրել «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից, ովքեր պնդել են դիմումում նշված հանգամանքները: Հիշյալ շենքի բնակիչներ Գ. Հ.-ն եւ Մ. Թ.-ն բացատրություններով հայտնել են, որ իրենք երբեւէ չեն շփվել Ա.Նազարեթյանի հետ եւ նրա հոգեկան վիճակի վերաբերյալ միայն կարող են նշել, որ վերջինս դրսեւորել է տարօրինակ վարքագիծ:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի եւ ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջների համաձայն` Ա.Նազարեթյանի հոգեկան վիճակը հետազոտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից միջնորդություն է արվել առողջապահական մարմիններին:
Միջնորդության կապակցությամբ 2013 թ. մայիսի 13-ին Ա.Նազարեթյանի բնակարան է այցելել շտապօգնության համապատասխան խումբը` հոգեբույժի գլխավորությամբ: Վերջինիս խնդրանքով հիշյալ բնակարան է այցելել նաեւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ա.Բարբարյանը` հասարակական կարգի ապահովման համար: Նա կանգնել է բնակարանի մուտքի դռան մոտ, իսկ հոգեբույժը շուրջ 1 ժամ 30 րոպե Ա.Նազարեթյանի հետ զրուցելուց հետո որոշում է կայացրել նրան տեղափոխել ՀՀ ԱՆ Ավանի հոգեբուժական կլինիկա` ստացիոնար հետազոտման ենթարկելու համար:
Հոգեբույժի եւ նրա հետ բնակարան այցելած բուժաշխատողների ուղեկցությամբ Ա.Նազարեթյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, իսկ ոստիկանության ծառայողը նշված վայրում ընդամենը պահպանել է հասարակական կարգը եւ որեւէ կերպ չի միջամտել բուժաշխատողների գործողություններին:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Վարդան Հովհաննիսյանը եւ նույն բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արարատ Բարբարյանը նույնաբովանդակ բացատրություններով պնդել են վերոգրյալը եւ հավելել, որ դիմումի վերջնական ընթացքը լուծելու համար զանգահարել են ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ, որտեղից տեղեկացրել են, որ համապատասխան բժշկական հանձնաժողովի եւ դատարանի որոշմամբ Ա.Նազարեթյանի նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում: Վարդան Հովհաննիսյանը եւ Արարատ Բարբարյանը նշել են, որ իրենք ղեկավարվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի եւ ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. հունվարի 30-ի ցուցումի պահանջներով եւ սահմանված կարգով միջնորդություն են արել առողջապահական մարմիններին` Ա.Նազարեթյանի առողջական վիճակը հետազոտելու համար: Բացի այդ, նշել են, որ ոստիկանության որեւէ ծառայող Կոմիտաս 56 շենքի որեւէ բնակչի չի հորդորել թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:
Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներ Գ. Չ.-ն եւ Ն. Ա.-ն նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ ոստիկանության Արաբկիրի բաժնին հասցեագրած դիմումը գրել են ինքնակամ, այդ հարցում ոչ ոք իրենց չի ուղղորդել եւ դիմումը նպատակ է հետապնդել կանխելու Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը, քանի որ նրա մոտ նկատել են հոգեկան շեղումներ: Հավելել են, որ իրենք «Իդեալ» խանութի տնօրինության եւ աշխատակիցների հետ որեւէ առնչություն չունեն եւ վերոհիշյալ դիմումը գրելու համար վերջիններիս կողմից որեւէ միջամտություն չի եղել:
Երեւան քաղաքի Կոմիտաս 56 շենքի բնակիչ Մ. Թ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը իրենց շենքի բնակիչ է, սակայն ինքը որեւէ շփում չի ունեցել նրա հետ, ուստի չի կարող նրա վարքագծի վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնել: Հավելել է, որ ինքը երբեւէ չի լսել, որ «Իդեալ» խանութի տնօրինության կամ աշխատակիցների ու Ա.Նազարեթյանի միջեւ եղած լինեն տարաձայնություններ: Նշել է, որ ոստիկանության որեւէ ծառայող իրեն չի հորդորել ինչ որ թղթի տակ ստորագրել` առ այն, որ Ա.Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի:
Նշված հանգամանքները հաստատվել են Երեւան քաղաքի Կոմիտաս 56 շենքի այլ բնակիչների հետ անցկացված զրույցներով, ովքեր հրաժարվել են գրավոր բացատրություններ տալ եւ պատճառաբանել, որ իրենք արդեն հոգնել են Ա.Նազարեթյանի հետ կապված հարցի քննարկումից, քանի որ ամբողջ օրը լրագրողները նույն հարցի կապակցությամբ հեռախոսազանգերով եւ այցելություններով անհանգստացնում են իրենց:
Ի դեպ, նշված հասցեի երկու բնակիչներ դեռեւս 2011 թ. մարտի 18-ին դիմումներ են ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին` մտահոգություն հայտնելով իրենց հարեւանուհու տարօրինակ վարքի կապակցությամբ
իրենց կլինիկայում, եւ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվել է պարտադիր բուժում:
Ամալյա Նազարեթյանի բուժող բժիշկ, ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 3-րդ բաժանմունքի բժիշկ Գ. Փ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Ա.Նազարեթյանը 2013 թ. մայիսի 13-ին շտապօգնության խմբի կողմից տեղափոխվել է իրենց կլինիկա` «Սուր հոգեշարժական գրգռվածություն» նախնական ախտորոշմամբ: 2013 թ. մայիսի 14-ին Ա.Նազարեթյանը զննվել է բժշկական հանձնաժողովի կողմից, նա եղել է խիստ լարված, ագրեսիվ, փորձել է հարվածել բուժաշխատողներին, հայհոյել է եւ արտահայտել թունավորման հայցամոլական զառանցական մտքեր ու թշնամաբար է տրամադրված եղել շրջապատի նկատմամբ: Հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն` Ա.Նազարեթյանը հոգեկան վիճակով համարվել է իր եւ շրջապատի նկատմամբ վտանգ ներկայացնող հիվանդ, ուստի ստացիոնար բուժման կարիք է ունեցել: Քաղաքացի Ա.Նազարեթյանին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու նպատակով կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանը դիմել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները եւ ներկայացված ապացույցները, 2013 թ. մայիսի 18-ին վճիռ է կայացրել Ա.Նազարեթյանին ենթարկել հիվանդանոցային հարկադիր բուժման` ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ում:
Բժիշկ Գ. Փ.-ն հավելել է, որ Ա.Նազարեթյանն իրենց կլինիկայում հաշվառված չի եղել եւ կհաշվառվի կլինիկայից դուրս գրվելուց հետո: Նա նշել է նաեւ, որ որեւէ մեկն իրենց չի ուղղորդել, չի խնդրել, որ Ա.Նազարեթյանին ընդունեն իրենց կլինիկա, այլ իրենք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց պարտականությունները: Ա.Նազարեթյանը հիշյալ կլինկա ընդունվելիս ու դրանից հետո երբեւէ չի հայտնել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու մասին: Բժիշկն ավելացրել է, որ Ա.Նազարեթյանը դեռեւս գտնվում է հոգեշարժական գռգռվածության վիճակում, արտահայտում է զառանցական մտքեր եւ չի կարող բացատրություն տալ:
Բացատրությանը կից բժիշկը ներկայացրել է դատարանի վճռի եւ իրենց կողմից կազմված եզրակացության պատճենները:
Համաձայն նշված վճռի՝ Ա.Նազարեթյանը հայտարարել է, որ իր բնակարանի հարեւանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցները բժիշկ Գ. Փ.- ի ընկերներն են եւ վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության համաձայն` իրեն տեղափոխել են հիվանդանոց: Այդ նույն սրճարանի աշխատակիցները բազմիցս փորձել են իրեն թունավորել:
Հարկ է նշել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում գտնվող «Կոմիտաս» սրճարանի վերոհիշյալ աշխատակիցների կողմից ոստիկանության Արաբկիրի բաժնին նախկինում եւս 2 դիմումներ են հասցեագրվել` Ա.Նազարեթյանի ագրեսիվ վարքագիծը կանխելու համար: Դրանց կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Նազարեթյանը պարտավորվել է այլեւս չանհանգստացնել սրճարանի աշխատակիցներին:
Իր հերթին Ա.Նազարեթյանը տարբեր ժամանակահատվածներում տարբեր բնույթի 3 դիմում է հասցեագրել ոստիկանության Արաբկիրի բաժին` օլիգարխների կողմից իր տունը վերցնելու, իր բնակարանից գողություն կատարելու եւ իրենց շենքի բակում կայանված ավտոմեքենաների կողմից իր անդորրը խանգարելու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով դիմումներում նշված հանգամանքները չեն հաստատվել, ուստի դրանք եզրակացությամբ կցվել են կարգագրին:
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ զանգվածային լրատվության միջոցներում նշված հանգամանքները չեն հաստատվել: Ամալյա Նազարեթյանին ՀՀ ԱՆ «Ավանի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ տեղափոխելիս ոստիկանության Արաբկիրի բաժնի որեւէ ծառայողի կողմից նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել, իսկ ոստիկանության ծառայող Ա.Բարբարյանի ներկայությունը հասարակական կարգն ապահովելու նպատակ է հետապնդել: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները կարգապահական բնույթի խախտումներ թույլ չեն տվել, ուստի նպատակահարմար է ուսումնասիրության արդյունքները թողնել անհետեւանք` առանց ծառայողական քննություն կատարելու»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:




























