Մոտկորի տարածաշրջանում հայտնաբերված ապօրինի անտառահատումները, բնապահպանության տեսուչի եւ անտառապետի գործնական հարաբերությունները վերածվեցին միջանձնային փոխհարաբերությունների սրման, ինչի արդյունքն էլ Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանի (Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդին) սպանությունն էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Վանաձորի լրագրողների եւ մարզային թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Լոռիի մարզի նորանշանակ դատախազ Հակոբ Ղարախանյանն՝ անդրադառնալով  մայիսի 15-ին Վանաձորում տեղի ունեցած սպանությանը:

«Սպանությանը նախորդել էին հենց ապօրինի անտառահատմանը վերաբերող դեպքերի վերաբերալ ինչ-որ քննարկումներ միմյանց միջեւ: Մենք դրանից առաջ մի քանի դեպքեր էին հայտնաբերել ապօրինի անտառահատման, որոնց կապակցությամբ արդեն իսկ նյութեր էին նախապատրաստվում (դատախազի նշած նյութերը նախապատրաստվել են Մոտկորի անտառտնտեսությունում հայտնաբերված դեպքերի առիթով-խմբ): Հանցավորությունը ծնեց նոր հանցագործություն, ապօրինի անտառահատումների այդ խնդիրը բերեց միջանձնային հարաբերությունների սրման, մի կողմից պաշտոնատար անձը՝ բնապահպանական տեսչության տեսուչ, մյուս կողմը՝ անտառապետ, գործնական խնդիրները անցան  միջանձնային հարաբերությունների սրման, եւ արդյունքը՝ ունեցանք սպանություն»,-ասաց դատախազը:

Թեմայի հետ կապված նորանշանակ դատախազն այլ մանրամասներ չցանկացավ ներկայացնել՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Լրագրողների հետ զրույցում դատախազը խոսել է իր գործելաոճի, աշխատանքային երկու ամիսներին կատարած աշխաըանքների ու այն խնդիրների մասին, որոնց արդեն իսկ հանդիպել է:

Հակոբ Ղարախանյանը վստահեցրել է, որ Լոռիի դատախազությունը լրագրողների հետ աշխատելու է բաց ու թափանցիկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող Գանձակ սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել. սպանվել է անտառտնտեսության Մոտկորի անտառապետ Թովմա Մաթեւոսյանը (40-50 տարեկան), ով Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդին է: Ավելի ուշ, մայիսի 25-ին, մեղայականով ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել Թովմա Մաթեւոսյանի սպանության մեջ մեղադրվող, բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am