ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շրջանակներում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ է մատուցել Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:
Մանկատան շուրջ 22 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի Արագած ճամբարում, առողջական խնդիրներով 10 երեխա կանցնեն բժշկական հետազոտություն Հայաստանի լավագույն ախտորոշիչ կենտրոններում, իսկ մանկատան առողջարարական մարզասարքերը համալրվել են «Վազքուղի» մարզասարքով, որը խիստ անհրաժեշտ էր հենաշարժողական համակարգի խնդիրներով երեխաների համար:
Նշենք, որ 2012թ. նոյեմբերի 22-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ, սկսել է թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը, որի նպատակն է աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին: Ծրագրի շրջանակներում Բանկն իր միջոցներից «Հայաստան» հիմնադրամին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3%-ը եւ Քարտի սպասարկման վարձի կեսը: Քարտապաններն, իրենց հերթին, հնարավորություն ունեն հանձնարարել Բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել եւ այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար:
Այսօր Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների քանակը գերազանցել է 6000-ը: Այսինքն արդեն 6000 ից ավելի անհատներ դարձել են բարերարներ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աշխատակիցները:
Կամավորության սկզբունքով նրանցից յուրաքանչյուրն իրենց հանգանակություններն է փոխանցել ծրագրին: Բանկը իր հերթին հավաքագրված գումարը կրկնապատկել եւ այսօր անակնկալ է մատուցել Երեւանի Մարի Իզմիրլյան մանկատանը:




























