Հայաստանի տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում  ներկայացվել է ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:  Նշվեց, որ  փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմամբ եւ բխում է 2013թ. կառավարության գործունեությունն ապահովող ՏԿՆ միջոցառումների ծրագրից:  Նախագծով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել  քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու  կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը, ինչպես նաեւ դրանք առավել հրապարակային ու մասնակցային դարձնել:  

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հեղինակներին առաջարկեց լրամշակել  փաստաղթուղթը` հաշվի առնելով տարածքային կառավարման հիմքում ընկած մոտեցումները, առավել գործուն մեխանիզմներ ստեղծել մարզխորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաեւ ընդլայնել գործառույթների շրջանակը:

Կոլեգիային ներկայացվեցին նաեւ ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` 2013թ. մայիսի 1-ի դրությամբ: 

Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 14 տոկոս է:  Աճ է արձանագրվել նաեւ հողի հարկի եւ գույքահարկի մասով. հողի հարկի կատարողականը կազմել է  77,5 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 28 տոկոսով, գույքահարկի կատարողականը  99,7 տոկոս է, աճը կազմել է 11,3 տոկոս: Գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ թեեւ աճել է 5,5 տոկոսով` կազմելով 83,2 տոկոս, այդուհանդերձ, որոշ մարզերում ցուցանիշի նվազում է գրանցվել:  Փոխվարչապետը ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին հանձնարարեց համապատասխան ուսումնասիրություն  իրականացնել` պատճառները բացահայտելու համար:

Անդրադարձ եղավ նաեւ Սեւան եւ Մեղրի քաղաքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի հարցին: Փոխվարչապետը ՏԿ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց հարցը քննարկել մարզպետների եւ քաղաքապետերի հետ եւ առաջարկել միջոցներ ձեռնարկել պարտքերը մարելու ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված 2,3 մլրդ դրամ պարտքը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ մարվել է:

Քննարկվեցին նաեւ Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին հողի հարկի եւ ջրի վարձավճարի փոխհատուցման գործընթացի հետ կապված հարցեր:  Ա. Գեւորգյանը հանձնարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին եւ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետին աշխատել համայնքների ներկայացուցիչների հետ եւ սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան շահառուների ցուցակը` աշխատանքները ժամանակին իրականացնելու համար: