Երեւանում առկա է 250 կմ հեղեղատար ցանց, որը սպասարկում է «Երեւան Ջուր» ընկերությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշել են քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը եւ «Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը՝ ներկայացնելով նախորդ տարիներին քաղաքի ջրահեռացման համակարգի նորոգման եւ արդիականացման աշխատանքները եւ այդ ուղղությամբ 2013թ. նախատեսված ծրագիրը:
2011-2012 թվականների ընթացքում վերակառուցվել են Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացիի, Սեւանի եւ Թեւոսյան փողոցների անձրեւատար համակարգերը: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ նախկինում հենց այս փողոցներում էին տեղումների ժամանակ առաջանում ջրի կուտակումներ, իսկ այժմ խնդիրը լուծում է ստացել: Վերջին օրերի աննախադեպ առատ տեղումների հետեւանքով դարձյալ մայրաքաղաքի որոշ փողոցներում արձանագրվել են անձրեւաջրերի կարճաժամկետ կուտակումներ, ինչը, ըստ Կարապետ Օհանյանի, պայմանավորված է եղել նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված ջրահեռացման համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների արագ արձագանքման արդյունքում ստեղծված վիճակն արագ կարգավորվել է:
Այդուհանդերձ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել եւ հատկապես խոցելի համարվող փողոցների մասով ներկայացնելու է առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ: Քաղաքապետի հանձնարարականի հիման վրա հատուկ ուշադրություն կդարձվի Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգվող 30 փողոցների ջրահեռացման համակարգերին` ավելացնելով անձրեւորսիչների եւ դիտահորերի քանակը: Ըստ անհրաժեշտության, անձրեւաջրերի հնարավոր կուտակումներից խուսափելու համար մինչեւ տարեվերջ ջրահեռացման համակարգերի վերազինման տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն նաեւ հիմնովին ասֆալտապատման ցանկում չներառված փողոցներում:
Անդրադառնալով անձրեւաջրերի՝ որոշ դեպքերում մասնավոր շինություններ ներթափանցելու խնդրին, Կարապետ Օհանյանը նշել է, որ դրանք հիմնականում կառուցապատման կանոնների խախտման հետեւանք են, երբ այս կամ այն շինությունը գետնի մակերեսի զրոյական նիշից ցածր է կառուցվում: Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերի նորոգման կոնկրետ աշխատանքներին, ապա գործընթացը լայն թափ կստանա առաջիկա օրերին: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքի փողոցները լիարժեք ու անխոչընդոտ անցանելի լինեն անգամ առատ տեղումների պայմաններում:



























