Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում պետական բյուջեի 2012 թ. կատարողականի նախնական քննարկումների ժամանակ այսօր՝ մայիսի 31-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայտարարված մրցույթի մասին:  Հարցն ուղղված էր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Սակայն նիստը վարող տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը փորձեց խոչընդոտել Ն. Փաշինյանի հարցադրմանը, ասելով, որ դա բյուջեի կատարողականի հետ կապ չունի: Ն. Փաշինյանը արձագանքեց հետեւյալ կերպ. «Եթե ոմանք նստում են նախագահությունում, չի նշանակում, որ ավելի լավ պատկերացում ունեն բյուջեի վերաբերյալ»:

Կ. Արեյանն, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել: Նրա խոսքով՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հետ կապված մրցույթը մշակված է եղել 2 տարի առաջ: «Ընդամենը պետք է ներկայացնեն առաջարկներ, սա է մրցույթի առարկան... Գուցե վերնագրի ձեւակերպումն է սխալ, ուղղակի իմաստով է հասկյացվում...ոչ թե բառիս բուն իմաստով վերակառուցում, այլ ստորգետնյա հատվածի, տրանսպորտային անցումների վերակառուցման շուրջ եւ նախկին արձանի շուրջ ընդամենը առաջարկներ ներկայացնել»,- ասաց Կ. Արեյանը:

Ն. Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք նպատակ կա նոր կոթող կառուցելու, քանի որ շքահանդեսների ժամանակ խնդիրներ են առաջանում; Կամ՝ եթե հրապարակի ետեւի շենքերը բարձրացել են ու ճնշում են դիմացի շենքերին, ինչո՞ւ են բարձրացել, ու արդյո՞ք պետք է բարձրացվեն անմիջապես հրապարակի երկայնքի շենքերը:

Կ. Արեյանը նշեց, որ տրանսպորտային ծանրաբեռնվածությունը եւ բաց հատվածը, որ առաջացել է Լենինի արձանի տեղը, իսկապես խնդիրներ է առաջացնում հրապարակը լիարժեք օգտագործելու առումով; Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաեւ արտաքին տեսքի եւ հարմարավետության առումով: