NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նախաձեռնությամբ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանալու է «Գնի’ր պաղպաղակ, օգնի’ր երեխաներին» բարեգործական ակցիան:
Քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի աստղերը պաղպաղակ են վաճառելու, իսկ գոյացած ողջ հասույթը հատկացվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
«NEWS.am-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ի նպաստ փոքրիկների եւ նրանց իրավունքների պաշտպանության: Այս անգամ մենք դիմել ենք Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին, անհատ գործիչների, շոուբիզնեսի աստղերի, եւ նրանցից շատերը պատրաստակամություն են հայտնել մասնակցել ակցիային եւ պաղպաղակ վաճառել»,- ասում է գործակալության համակարգող Արտակ Եղիազարյանը:
Վերջինիս խոսքով, NEWS.am-ը դիմել է պաղպաղակի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների: «Թամարա», «Բինոլաթ» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները, ծանոթանալով նախաձեռնությանը, մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին եւ անվճար պաղպաղակ կհատկացնեն:
Նշենք, որ ակցիան Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանալու է հունիսի 1-ին, ժամը 12:00-ից 18:00-ը:




























