Երեւանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու գործով ամբաստանյալ «Արտնորոգ շին» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հարությունյանը բողոքարկել է Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի 1 տարի ազատազրկման դատապարտվելու մասին որոշումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Նա բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով պայմանականորեն չկիրառել ազատազրկումը, սակայն նրա վերաքննիչ բողոքը մերժվել է: Այնուհետեւ, Վերաքննիչ դատարանի որոշումը Արա Հարությունյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոքը:

Հիշեցնենք, որ Սասնա Ծռեր 2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքում  ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող «Արտնորոգ շին» ՍՊԸ-ի տնօրեն, մեղադրյալ Արա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ նշանակել պատիժ ազատազրկում 1 տարի ժամկետով` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության ապահովման հետ կապված պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ 2 տարի ժամկետով: Արա Հարությունյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, համաձայն է մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Տուժողների իրավահաջորդները եւ տուժողները հայտնել են, որ ամբաստանյալի կողմից հատուցվել են համապատասխանաբար հուղարկավորության եւ առողջությանը պատճառված վնասի հետ կապված բուժման ծախսերը, հետեւաբար` նրանք Արա Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց չունեն: 40-ամյա Արա Հարությունյանը Գորիս քաղաքից է, ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է,երկու անչափահաս երեխաների հայր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Վերելակը, գրանցված չէր ԱԻՆ ռեեստրում եւ չէր անցել փորձաքննություն: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը): Հունվարի 8-ին գործն ընդունվել է վարույթ: Վերելակի ընկնելու գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սասնա Ծռեր 2 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքում  ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող «Արտնորոգ շին» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հարությունյանին, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:  Ըստ մեղադրական եզրակացության`  վերջինս 2012թ. մարտ ամսին «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի խախտմամբ տեղադրել է ինքնաշեն վերելակ, որը 2012թ. հոկտեմբերի 25-ին գերբեռնվածության հետեւանքով խափանվել է եւ վթարվել, ինչն անզգուշությամբ առաջացրել է աշխատակիցներ Հուսիկ Օհանյանի, Յուրա Գոգորյանի մահ եւ Գեւորգ Սաֆարյանի ու Խաչիկ Եփրեմյանի առողջության ծանր վնաս