Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում այս պահին բուռն իրարանցում է, քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի աստղերը պաղպաղակ են վաճառում, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Արցախի Քարվաճառի շրջանի անապահով ընտանիքների րեխաներին (ֆոտոռեպորտաժ)։ Փոքրիկները ճանաչում են իրենց սիրելի դերասաններին եւ երգիչներին, քաղաքական գործիչներին, իսկ վերջիններս թաքցնում են ուրախությունը իրենց համար նոր՝ պաղպաղակ վաճառող դերում հայտնվելով։
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ՝ նման միջոցառումները միայն կզարդարեն մեր առօրյան»։ Հարցին, թե իր համար անսովոր չէ՞ փողոցում պաղպաղակ վաճառելը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ոչ միայն անսովոր է, այլեւ բացառապես նորություն է։ Եւ ես կարծում եմ՝ սրա մեջ էլ կա հետաքրքրություն՝ հատկապես օրվա խորհրդի եւ ակցիայի նպատակների հետ կապված: Միայն ուրախ եմ մասնակցելու»։
Դերասան Գնել Սարգսյանը («Անծանոթը» սերիալից) ակցիայի ամեաակտիվ մասնակիցն էր, անձամբ էր բոլորին հրավիրում պաղպաղակի իր սառնարանի մոտ, վաճառում, լուսանկարվում երեխաների հետ։ «Նախ օրը հրաշալի օր է։ Երեւի տարվա 365 օրերից ամենահեքիաթայինը: Երեկ, երբ իմացա, որ նման ակցիա է կայանալու, մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետեւ նման ակցիաներ ազգին, ժողովրդին շատ են պետք։ Ոչ միայն օգնության առումով, այլ հենց ակցիայի մասնակիցները որ իրար համախմբված զգան, որ զգան, միասնական են եւ ինչ-որ լավ բան կարողացան անել»,- նշեց նա։
Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նախաձեռնությամբ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանում է «Գնի’ր պաղպաղակ, օգնի’ր երեխաներին» բարեգործական ակցիան:
Քաղաքական գործիչներն ու շոուբիզնեսի աստղերը պաղպաղակ են վաճառում, իսկ գոյացած ողջ հասույթը հատկացվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին:
NEWS.am-ը դիմել է պաղպաղակի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների: «Թամարա», «Բոնիլաթ» եւ «Աշտարակ կաթ» ընկերությունները, ծանոթանալով նախաձեռնությանը, մեծ պատրաստակամությամբ արձագանքել եւ պաղպաղակ են հատկացրել:
Ակցիան Մանկական երկաթուղու հարակից տարածքում կայանալու է հունիսի 1-ին, ժամը 12:00-ից 18:00-ը:
Այս պահին պաղպաղակ են վաճառում նաեւ դերասան Ռաֆոն, երգչուհին Մարիանան, ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը եւ այլք։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























