Արթիկում խանդի հողի վրա կատարված սպանության փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդված հատկանիշներով (սպանություն): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Շիրակի բաժնից:

Ամուսինն աշխատում է գազալցակայանում, իսկ կինը տնային տնտեսուհի էր: Վերջիններս ունեն երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը 2, իսկ մյուսը 4 տարեկան է: Երեխաներից մեկը հաշմանդամ է:

Նրանք բնակվել եւ ծանոթացել են Ռուսաստանում եւ 2011թ-ին են վերադարձել Արթիկ եւ բնակվում են վարձով: Հարեւաններն ասում էին, որ աղջիկը Ռուսաստանի վարք ու բարքով ապրող աղջիկ է եղել: Սպանության օրը ամուսինը վերադառնալով տուն, լսել է կնոջ հեռախոսային խոսակցությունը այլ տղամարդու հետ: Մի քանի անգամ այդ թեմայով վեճ է եղել, սակայն կինը հավատացրել է, թե ընկերուհու եղբոր  հետ է խոսում:

Այդ օրն ամուսինը մի քիչ էլ խմած է եղել եւ զայրույթի պահին խեղդամահ է արել կնոջը: Կինը փորձել է դիմադրել եւ անգամ դանակով հարվածել է ամուսնու ոտքին, սակայն վնասվածքը մակերեսային է  եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` հունիսի 1-ի գիշերը սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արթիկում: NEWS.am-ի տեղեկություններով` ամուսինը խեղդամահ է արել կնոջը: Դեպքը տեղի է ունեցել 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում: Ամուսինը` 37-ամյա Արտյոմ Ղ.-ն իր բնակարանում խանդի հողի վրա վիճաբանության է բռնվել կնոջ` Ցողիկ Ա.-ի հետ, ապա ձեռքերով խեղդամահ արել նրան: Վերջինս 27 տարեկան է եւ ՌԴ քաղաքացի: Շտապօգնություն են կանչել, սակայն կնոջ կյանքը չի հաջողվել փրկել: