Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Երեւան-Սեւան ավտոճա­նա­պարհին տեղի ունեցած խոշոր վթարից: Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը եւ ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղեւորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը եւ Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց եւ վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գեւորգ եւ Տիգրան (ազգանունները ճշտվում են):

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ եւ ավտոմեքենաների հոսանքազրկում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: