ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հրազենային վնասվածք էր ստացել  Գորիսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, այս պահին գտնվում է  կայուն ծանր վիճակում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:

Վերջինիս խոսքով, Գորիսից հրազենային վնասվածք ստացած մեկ վիրավորի են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Գորիսում նրան վիրաբույժները վիրահատել են, գտնվում է կայուն ծանր վիճակում: Այս պահին միջամտության կարիք չկա, նա գտնվելու է բժիշկների հսկողության ներքո»,- նշեց բժշկական կենտրոնի տնօրենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով Shamshyan.com-ին, այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: 1 մարդ սպանվել է,  իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան:

Ըստ Շամշյանի, Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Այսօր առավոտյան Արտակ Բուդաղյանին տեղափոխել են Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն: