Հունիսի 1-ին կայացած «Ռուսաց լեզու» առարկայի քննությունից հանրապետությունում ընդամենը 2 դիմորդ է ստացել առավելագույն 20 միավոր: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող թիվ 189 ավագ դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ այդ առարկայից միջին միավորը 11 է, քննություն հանձնողների 15 տոկոսը չի հաղթահարել նվազագույն շեմը եւ կտրվել է: Իսկ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1206 դիմորդ, 70 հոգի բացակայել են: «Վերլուծությունը կատարված է, նախնական արդյունքները ցույց են տալիս, որ թեստը հաջող է, բավարարում է բոլոր պահանջները»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

ԳԹԿ ղեկավարը նշեց, որ բացականների հարցը կքննարկվի, եթե հարգելի պատճառով են բացակայել, կթույլատրեն մասնակցել երկրորդ փուլին, հակառակ դեպքում չեն մասնակցի:  Թե ԿԳ նախարարությունը, թե ԳԹԿ-ն որեւէ բողոք ռուսաց լեզվի քննության վերաբերյալ չեն ստացել: