Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 4-ին գերիշխող դիրքի չարաշահման համար 10 մլն դրամ տուգանք նշանակեց դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերության նկատմամբ:
ՏՄՊՊՀ է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող մեկ այլ՝ «Բեյբի Սիմ» ընկերությունը, տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին: Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Պարզվել է, որ «Բեյբի Սիմ» եւ «Կուրացիո» ընկերությունները հանդիսանում են տարբեր արտադրողների կողմից արտադրվող էնտերալ զոնդային սննդի ներմուծողներ Հայաստանում:
ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ» ընկերությունը առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան գնով, քան տրամադրում է «Կուրացիո» ՍՊԸ-ն: Սակայն ԵՊԲՀ-ը գնումները կազմակերպել է այնպես, որ «Բեյբի Սիմը» հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց: Մասնավորապես՝ զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ: Այս մրցույթին «Բեյբի Սիմը» մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» եւ «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:
Վարույթի ընթացքում ի հայտ են եկած փաստերը վկայում են այն մասին, որ «Կուրացիո» ընկերությունը այն բոլոր դեպքերում, երբ բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, գրեթե ինքնարժեքին հավասար գնով է դեղը վաճառել՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:
«Կուրացիո» ընկերությունը հատուկ խնամքի տակ գտնվող հիվանդների համար նախատեսված դեղորայքը վաճառել է ինքնարժեքից եռակի թանկ գնով:
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ շուկայում «Կուրացիո» ՍՊԸ-ի գնային քաղաքականությունը եւ բացահայտել, որ ընկերությունը մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից, եւ բարձր գներով է ապրանքը վաճառել դեղատներին և հիվանդանոցներին: Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունն ապրանքը կարողացել է ձեռքբերել զեղչով, ինչի արդյունքում ինքնարժեքը նվազել է մինչեւ 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն՝ ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Հանձնաժողովի որոշմամբ, շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությունը տուգանվեց 10 մլն դրամի չափով: Բացի այդ՝ Հանձնաժողովի առաջարկով վերջերս գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն «Կուրացիո» ընկերությունը այս որոշման արդյունքում կհայտնվի գնումների «սեւ ցուցակում» եւ մի քանի տարի հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին:




























