Թուրքիայում զանգվածային ընդդիմադիր շարժումը թուրքական կառավարության եւ վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի համար լուրջ հարված է: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի՝ եթե արեւմտյան լրատվամիջոցները Սիրիայում, Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցող դեպքերը ներկայացնում էին ավելի չափազանցված, Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաները ներկայացվում են ավելի մեղմ գույներով: «Այս ամենը կարելի համարել հենց Արեւմուտքի աջակցությունը Թուրքիային: Բայց նաեւ ակնհայտ է, որ Արեւմուտքի պահանջները Թուրքիայից էականորեն փոխվել են, եւ սկսած շարժումը կարելի համարել նախազգուշական «մեսիջ»՝ ուղղված թուրքական իշխանություններին, որ վերջիններս սահմանափակեն իրենց պահանջները», -նշել է թուրքագետը՝ հավելելով, որ բնապահպանները, ովքեր հրահրել են շարժումը, աջակցություն ստանում են առավելապես Արեւմուտքից: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաներն ու ընդհարումները: