Սյունիքում կատարվածը հանցագործությունները կոծկելու հետեւանք է: Այս մասին այսօր` հունիսի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց գրող Սերգեյ Գալոյանը՝ հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ նման դեպքի մեջ ընկավ նաեւ «մեր նորագույն պատմության պայծառ դեմքերից մեկը` առանց Մարգոյի Վարդանիկը (նկատի ունի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին-խմբ):

«Եվ ի՞նչ. նա էլ էր սպանության մասնակից: Ի՞նչ եղավ. նրան տարան հարցաքննության եւ 1,5 ժամ հետո դուրս եկավ ու բոլորին հայտարարեց. «Թող Աստված ների մեղավորներին»: Աշխարհի ամենաանմեղ մարդը դուրս եկավ եւ մեղքերի թողության հայտարարություն արեց: Սա ծաղր է ոչ միայն երկրի, այլեւ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Սերգեյ Գալոյանը եւ հարց ուղղեց. «Լավ, 7-8 հանցագործությունից հետո նո՞ր միայն պետք է հրաժարական տար»:

Գալոյանը նշեց, որ Վարդանիկի որդին «Դեդ Հասանի» թաղմանը գնալով գող չի դառնա: Ըստ գրողի՝ օրինապահները կամ չեն կարողանում հայտնաբերել հացագործներին, որի համար պետք է հրաժարական տան, կամ չեն ուզում: «Ինչո՞ւ մինչեւ հիմա չեն բացահայտվում Վարդանիկի հանցագործությունները, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը: Լավ ո՞ւմ եք դնում բանջարաբոստանային կուլտուրայի տեղ»,-ասաց նա:

Գալոյանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները չնմանվեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությանը, երբ Մհերյանի սպանությունից հետո ասել էր, որ այդ գործի բացահայտումը ոստիկանության պատվի ու արժանապատվության հարցն է: «Բա ո՞ւր է ձեր պատիվն ու արժանապատվությունը»,- ամփոփեց գրողը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am