Թուրքիայի հայ համայնքի ակտիվ հատվածը հարում է ձախ ուժերին եւ մասնակցում բողոքներին, այն բողոքի ցույցերի էպիկենտրոնում է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի մամուլի ասուլիսում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա ընդգծեց, որ ամեն անգամ, երբ խոսք է գնում այս կամ այն բողոքի մասին, հայկական թեման անցնում է կարմիր թելի նման: «Թուրք հանրությանը հուզող խնդիրները մշտապես հայոց հարցի քննարկման են հանգեցնում: Հայկական թեման Թուրիայի ներքաղաքական գործընթացների ակտիվ բաղադրիչն է», - նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետի համոզմամբ՝ եթե Թուրքիայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, բանակն անպայման կմիջամտի: Այդ դեպքում մենք միանգամայն այլ հարեւանի հետ գործ կունենանք, սակայն դա չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա», - եզրակացրեց Ռուբեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, Թուրքիայում շարունակվում են «Գեզի» զբոսայգու մի հատվածի ծառահատման եւ դրա տեղում առեւտրա-ժամանցային կենտրոն կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը: Բնապահպանական կոչերը փոխարինվել են քաղաքականով, ցուցարարները պահանջում են Վարչապետ Էրդողանի հրաժարականը:



























