Այրվում է Լոռիի մարզը, մասնավորապես, Օձուն գյուղի մոտ այրվել է Դեբեդի կիրճի լանջերը, Բազումի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղերի խանձվել է բուսականությունը, այրվել են ՄԱԿ-ի (UNWFP) ծրագրով տնկված ծառերի շիվերը: Այս մասին ահազանգում է «ԷկոԼուրը»:
ԷկոԼուրի» հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վանաձորի բնակիչ Ռաֆայել Մովսիսյանի կողմից ԷկոԼուրին ուղարկված լուսանկարներում պատկերված է կովկասյան մրտավարդը: Կովկասյանմրտավարդի մարգերը կրակով ոչնչացված են Հալաբի լեռնաշղթայի լեռնաճյուղերում: Այժմ նրանց տեղում աճում են մոլաբույսեր:
Ռաֆայել Մովսիսյանը գրում է. «Վանաձորը գտնվում է 3 լեռնաշղթաների շրջապատում: Խորհրդային տարիներին տարվա չոր եղանակին այրվում էին միայն Բազումի լեռնաշղթայի լանջերը: Լանդշաֆտների հրդեհները տեղի են ունեցել մշտական հաճախականությամբ: Այժմ չոր եղանակին այրվում են Բազումի, Փամբակի, Հալաբի լեռները ամբողջ մարզով մեկ: Օրական հրդեհները հարյուրավոր հեկտարների բուսականություն են ոչնչացնում: Կարճ ժամանակահատվածում լանդշաֆտները վերածվում են մոխրի: Ջերմային հարվածից մեծ ծառերը չորանում են: Հրդեհները նաեւ սկսել են ոչնչացնել հենց Վանաձորի դեկորատիվ թփերն ու ծառերը: Թփերը տնկված են ռուսական եկեղեցու կողքին` «Արցախ» պուրակում, «Վեգա» խանութի մոտակայքում եւ քաղաքի այլ հատվածներում: Այս ամենը չնկատելով` քաղաքի եւ մարզի իշխանություններն ամեն տարի ծառատունկի ցուցադրական շաբաթօրյակներ են կազմակերպում: Սակայն բույսերի հետագա ճակատագիրը ոչ մեկի չի հետաքրքրում»:
Մենք ահազանգն ուղղում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, «Հայանտառ» ՊՈԱԿ եւ ՀՀ բնապահպանության նախարարություն եւ հարցնում`
1. որքանո՞վ են կրճատվել անտառածածկ տարածքները, ինչպես նաեւ Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Գորիսի, Մեղրիի եւ այլ քաղաքների կանաչ գոտիները, որտեղ հրդեհներ են լինում
2. որքա՞ն է կազմել պատճառված վնասը
3. պարզվե՞լ են հրդեհների պատճառները»:



Լուսանկարները` Ռաֆայել Մովսիսյանի




























