Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնակույտերը անարգել լցվում են Դեբեդ գետը՝ վնասելով թե մարդկանց, թե գետի կենսաբազմազանությանը, թե գետի ջրով ոռոգվող գյուղատնտեսական հողերը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ըստ քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի, խնդրին տեղյակ են բոլորը՝ հին ու ներկա մարզպետներն ու մյուս բոլոր կառույցների ղեկավարները, սակայն հանքի տնօրինությունը մինչ օրս խնդիրը վերացնելուն ուղղված որեւէ քայլ չի կատարում:

Լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից իրականացվող խախտումներին բազմիցս անդրադարձել են նաեւ լրատվամիջոցները, սակայն տնօրինությունն անտեսելով ամեն ինչ, շարունակում է իր սեւ գործն անել, առաջին հերթին լուրջ վնաս հասցնելով տարածաշրջանի բնակչությանը: Բացի վերը թվարկված խնդիրներից, կոմբինատի տնօրինությունը սահմանված կարգով չի կատարում նաեւ համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: Մասնավորապես երկար ժամանակ է, ինչ չեն փոխանցվել գույքահարկի եւ վարձակալության վարձավճարները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասաց, որ ինքը դատարան դիմելու երկու պատճառ ուներ, առաջինն այն է, որ կոմբինատը չէր կատարում ֆինանսական պարտավորությունները, բայց երեկ արդեն փոխանցումներ կատարվել են, եւ երկրորդ՝ համայնքին ու շրջակա միջավայրին պատճառված վնասը. «Փոխանցումներն արել են, սրա հետ կապված դատարան դիմելու կարիք չկա, իսկ այ եթե իրենք թափոնակույտերի խնդիրը չվերացնեն, հաստատ կդիմենք դատարան»,-ասաց նա:

Հավելենք, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին, որն այժմ տնօրինում է նրա կինը՝ Մադլեն Թաշճյանը:

Խնդրին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am