ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ Ամոս Հոչթեյնը, Բաքվում հանդես գալով «Կասպյան նավթ եւ գազ» միջազգային կոնֆերանսում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու քննարկվող երկու երթուղիներից յուրաքանչյուրին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հոչթեյնի խոսքով՝ Հարավային գազային միջանցքի նախագիծը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է համարվում: «Ադրբեջանական գազը կարող է եվրոպական երկրներ մատակարարվել Թուրքիայի տարածքով կամ Տրանսադրիատիկ գազատարով, կամ «Nabucco West» գազատարով»,-ասել է  Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ցանկացած տարբերակի, որը կընտրի «Շահ Դենիզ» կոնսորցիումը: Հոչթեյնը հավելել է, որ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա, անկախ երթուղուց, կնպաստի էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացմանը եւ կնվազեցնի էներգակիրների մեկ աղբյուրից կախվածությունը: Նա հույս է հայտնել, որ հետագայում այդ գազատարով կհոսի նաեւ հյուսիսիրաքյան եւ թուրքմենական գազը: