Ֆրանսիայի դատարանը 10 տարի է դարձրել 48-ամյա խաբեբա Տիերի Տիլլիի ազատազրկման ժամկետը, որն ազնվականների ընտանիքներից խաբեությամբ շորթել էր 4,5 միլիոն եվրո: Ներկայիս պատիժն առավելագույնն է՝ ըստ ներկայացված մեղադրանքների, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2012թ. նոյեմբերին Տիերի Տիլլին դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման: Նա ազնվականների ընտանիքներին սպառնում էր «մասոնական դավադրությամբ». դատարանում նրա արարքը որակել են «Մաքիավելիի ծրագիր»:
Ըստ քննության՝ Տիլիին հաջողվել է ֆրանսիացի ազնվականների դե Վեդրին ընտանիքին համոզել, որ նրանց կյանքը վտանգի տակ է մասոնական դավադրության պատճառով, ստիպել է նրանց փախչել Օքսֆորդ եւ վաճառել իրենց ունեցվածքի մեծ մասը: Տիլին ներկայացել է որպես ՆԱՏՕ-ի գաղտնի գործակալ եւ նախագահների վստահված անձ: Խաբեությունը շարունակվել է 10 տարի, Տիլիի ազդեցության տակ են գտնվել դե Վեդրին ընտանիքի 11 անդամները:
Ֆրանսիացին ազատազրկվել է 8 տարով՝ «մասոնական դավադրության» եւ 4,5 մլն եվրոյի մեքենայության համար:


























