Եվրոպացի պատգամավորները Վրաստանի կառավարությանը եւ ընդդիմությանը համագործակցության կոչ են արել՝ հանուն երկրի բարօրության: Հունիսի 5-ին Թբիլիսիում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել  Սոցիալ-դեմոկրատների առաջադեմ դաշինքի ներկայացուցիչ, Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ Լիբոր Ռոուչեկը: Նա ընդգծել է Վրաստանում իշխանափոխության խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով կատարվելու կարեւորությունը:

Ռոուչեկը հայտնել է, որ Վրաստանում հանդիպումների ժամանակ թե նախագահը, թե վարչապետը, թե մեծամասնության ու փոքրամասնության, քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները ամուր կամք են դրսեւորել Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցում: Ըստ նրա՝ այդ առումով երկրում  լիակատար համաձայնություն է, եւ այդ նպատակի իրականացման համար շատ կարեւոր կլինի Արեւելյան համագործակցության Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Ռոուչեկը նշել է, որ Վրաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն եւ միակուսակցական համակարգից անցում բազմակուսակցականին, որը սովորաբար լարվածություն է ստեղծում: «Մենք տեսանք, որ շատ մեծ լարվածություն կա իշխող կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ: Երբ մենք խոսում էինք նրանց հետ, միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է համագործակցություն եւ երկխոսություն… Մենք իշխանությանը եւ ընդդիմությանը կոչ ենք անում համագործակցել՝ հանուն երկրի բարօրության», - հայտնել է Ռոուչեկը: