Ֆրանսիայում ձերբակալվել են, այսպես կոչված, «վրացական մաֆիայի» ավելի քան 40 ներկայացուցիչներ: Նրանցից փողեր, ոսկի, զենք, կեղծ փաստաթղթեր եւ ծխախոտ են առգրավել: Այս մասին գրում է Expatica-ն` վկայակոչելով ֆրանսիական ոստիկանությանը:
«Վրացական մաֆիայի» դեմ արշավ է իրականացվում Նիցցայում եւ Մարսելում: Միաժամանակ մի շարք ձերբակալություններ են իրականացվել նաեւ Բորդոյում, Լիոնում եւ Փարիզում: Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներն իրականացրել են կրեդիտ քարտերի կեղծարարություններ, զինված հարձակումներ, գողություն, կեղծված ապրանքների վաճառք եւ ծեծի են ենթարկել մարդկանց: Բացի դրանից` հանցագործները վերահսկել են ներգաղթած վրացիների համայնքը` նրանց համար որպես «տանիք» հանդես գալով: Այս մասին գրում է NEWSru.com-ը: Վրացական «կրիմինալ» հասարակության գլուխ է համարվում ոմն Արթուր, ում եւս ձերբակալել են:
Ոստիկանների խոսքով` վրացական մաֆիան Արեւմտյան Եվրոպայում հայտնվել է Սովետական միության փլուզումից հետո: Խորհրդային ավանդույթների համաձայն` վրացական խմբավորումները ղեկավարում են «օրենքով գողերը», եւ եկամտի զգալի մասը փոխանցվում է Վրաստանում գտնվող «կնքահայրերին»:
Ավելացնենք, որ արդեն 1 տարի առաջ ֆրասիական ոստիկանությունը միջոցներ էր ձեռնարկում հանցագործ խմբավորումների գործունեությունը կասեցնելու նպատակով. այն ժամանակ Փարզում եւ Լիոնում Հայաստանի ու Վրաստանի ավելի քան 20 քաղաքացիներ էին ձերբակալվել:


























