Տավուշի մարզում ողբերգական միջադեպի հետեւանքով մահացած 27-ամյա Արտյոմ Խալաթյանը  ամուսնացած չէ, ունի մեկ երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը:

Նա նշեց, որ վերջինս «Եղվարդշին» ընկերության աշխատակից է, մեկ շաբաթ է` Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն էին իրականացնում: Դեպքի ժամանակ ուժեղ քամի է եղել, անձրեւ է սկսվել, երիտասարդը տեխնիկան կանգնեցրել է` սպասելով անձրեւի կտրվելուն: «Այդ ժամանակ նա կանգնած է եղել, քարը պոկվել, ընկել է վրան, երիտասարդը մնացել էր քարի եւ երկաթի արանքում, նեղ հատվածում սեղմված»,- ասաց նա:

Արթուր Ղազարյանը եւս մասնակցել էր փրկարարական աշխատանքներին: Գյուղապետը նշեց, որ դրանք երկար են տեւել, քանի որ հատ-հատ ջարդել են երկաթները, որպեսզի երիտասարդին մեջից հանեն:

Դեպքի առթիվ ոստիկանության Տավուշի մարզային բաժանմունքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել եւ ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք եւ սարքավորումներ): Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետեւանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է: Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չէր, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաեւ տեղի բնակիչներ եւ ՀԷԿ-ի շինարարներ:Ամբողջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։