Այսօր՝ հունիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քննարկվել եւ ԱԺ գարնանային ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն են ստացել 10 միջազգային պայմանագրեր:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2013 թվականի փետրվարի 11-ին կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 45 մլն դոլարի չափով փոխառություն՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

«ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված արձանագրությունը` կից հայտարարությամբ, ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ փոփոխությունները սկզբունքային չեն եւ չեն վերաբերում արձանագրության բովանդակությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» (Հատուկ գործառնություններ) վարկային եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ» Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ) երաշխավորման համաձայնագրերը: Ըստ զեկուցողի՝ ձեռներեց կանանց, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վարկավորելու նպատակով տրամադրվելու է 20 մլն ԱՄՆ դոլար, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով: Վարկի մարումն սկսվելու է 2021 թվականին եւ ավարտվելու է 2036 թվականին:

Քննարկված համաձայնագրերը կներկայացվեն ԱԺ վավերացմանը: