Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանի մայրը, լսելով, որ որդու կրակոցից զինվոր է սպանվել, 5 օր է անկողնում պառկած է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մելքումյանի մայրը՝ տիկին Ալվարդը, հավելելով, որ ինքն էլ է ուզում այդ միջադեպի հիմնական պատճառն իմանալ:
«Արդեն 5 օր է անկողնում պառկած եմ: Զանգեցին ասացին որդիդ մարդ է սպանել, ո՞նց պետք է լինեմ: Ո՞վ ա իմանում ինչ ա եղել: Իմ երեխան անմեղ երեխա, խելոք երեխա, քցեցին կրակի մեջ իմ տղուն»,- ասաց զինվորի մայրը:
Դիտարկմանը թե կասկածներ ունի՞, որ մեղավորն իր որդին չէ, մայրը պատասխանեց. «Մեր տանն էնքան խելոք, էնքան շնորքով երեխա է, որ ես չեմ հավատում: Գնացեք Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ, իմացեք ինչն է պատճառը, ինձ էլ ասեք: Իմ տղեն ոչ մեկի հետ անհամաձայնություն չի ունեցել»,- ասաց Տիկին Ալվարդը եւ ավելացրեց, որ ոչ թողնում են որդուն տեսակցել, ոչ էլ դեռ գիտեն, թե ինչ են անելու:
Փոքր Վեդի գյուղի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արմեն Մելքումյանը դպրոցը ավարտել եւ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ: «Շատ խելոք համեստ ընտանիք են: Հայրը մի 25 հատ ոչխար ունի, տանում են դաշտ արածեցնում, մայրն էլ կթում է ու այդպես ապրում են: Ընտանիքում երկու տղա են, ինքը փոքրն էր, իսկ մեծը 1 ամիս է, գնացել է Ռուսաստան»,-ներկայացրեց գյուղապետը: Նրա խոսքով՝ Արմենը շատ խելոք եւ համեստ երիտասարդ է եղել գյուղում:
Հարցին, թե լուրն ինչպե՞ս է իմացել, կինը պատմեց, որ քննիչն է զանգել է իրեն: Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Արմեն Մելքումյանը կալանավորվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























