Այսօր շուրջ 200 փոքր ՀԷԿ ունենք, որից 130-ը շահագործման կամ կառուցման ավարտական փուլում է, իսկ 70-ը գործընթացի մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ այդ ՀԷԿ-երի շահագործումը նպաստավոր կլինի, քանի որ այդ էներգիան էկոլոգիապես անվտանգ է եւ էժան: «Ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ճիշտ կառուցել, պահպանելով չափորոշիչները եւ բնապահապանական խնդիրները, այնտեղ որտեղ ճիշտ չեն կառուցում կամ սխալ են կառուցում, բնականաբար մենք պլանավորել ենք ծավալուն ուսումնասիրություններ իրականացնել, անհրաժեշտության դեպքում` միջոցներ ձեռնարկել խախտումներ թույլ տվողների նկատմամբ»:
Ի դեպ, ավելի վաղ Բնապահպանության նախարարությունը «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը չեղյալ էր հայտարարել: Անդրադառնալով այդ հարցին` Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ այստեղ շահառու համայնքի պատկանելիության խնդիր կար, իրենք էլ ըստ այդմ նամակներ են ուղղել` նշելով, որ նման թերի փաստաթուղթ է եղել եւ այդ թերի փաստաթղթի պատճառով օրենքը իրենց թույլ է տվել այդ փորձաքննության եզրակացությունը չեղյալ համարել, ինչն էլ արել է նախարարը:




























