Անցյա շաբաթվա վերջին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունները նոր առիթ դարձան հայ-ռուսական հարաբերությունների մեկնաբանությունների համար։

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի՝ Մաքսային միությանը ինտեգրվելու ձգտումը՝ նշել էր ՌԴ վարչապետ Դ.  Մեդվեդեւը։ ՀՀ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը եւ ՌԴ-ն Մաքսային միությանն ինտեգրման վերաբերյալ հուշագիր պետք է պատրաստեն, համաձայնեցնեն նախագահների հետ եւ ստորագրեն։

Որեւէ մեկը մեր օրերում երբեւէ չէր պնդել, որ ՀՀ իշխանությունն ունակ է հակադրվել Մոսկվայի ճնշումներին եւ հրաժարվել Պուտինի գաղափարից ընդհանրապես։

Հայաստանի իշխանություններին պարզապես ինչ-որ ժամանակ հաջողվեց խուսափել կոնկրետությունից՝ վարչապետի մակարդկով մի քանի հարցազրույցներում այդ թեման շոշափելով եւ ակնարկելով, թե այդ գաղափարն առանձնապես ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ սահմանակից չենք։ Եվ քանի դեռ պարզ չէր, թե ինչ ճակատագիր կունենա Ուկրաինայի մասնակցության հարցը, Հայաստանը կարծես հարմար իրավիճակում էր հայտնվել։

Օրերս Ուկրաինայի նախագահը Պուտինի հրավերով Սոչիում էր, որտեղ կայացել էր նրանց 5 ժամանոց հանդիպումը։ Դրան Աստանայում հաջորդեց տեղեկատվությունն այն մասին, որ Ղրղըզստանը միանալու է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, իսկ Ուկրաինան կդառնա դիտորդ...

Հիշեցնենք, ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ ապրիլի 10-ին կնքվեց փոխգործակցության հուշագիր...

Այսինքն՝ որեւէ արտառոց բան տեղի չունեցավ, եւ այս առումով տարօրինակ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հակադարձումները, թե՝ տեսաք, ինչ եղավ, բա ասում էիք՝ Սերժ Սարգսյանն արեւմտամետ է...»։

Ընդհակառակը, այդ ուժերը, լինելով հայ-ռուսական հարաբերությունների աներկբա կողմնակիցը, պետք է ողջունեն Տիգրան Սարգսյանի հայտարարությունները։ Ավելին, կարելի է նույնիսկ փաստել, որ այս իշխանության հետ  գոնե արտաքին քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունում հայացքների տարբերություն չկա Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական ընդդիմության, օրինակ՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):