Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպել է Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվել է տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում եւ կարեւորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով` Ազգային ժողովի նախագահը կարեւոր է համարել հայ-լատվիական  միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին Ռիգայում եւ բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական  համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը  հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բովանդակային եւ փոխշահավետ փոխգործակցության համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Լատվիայում ուղիղ ներդրումների կատարման ծավալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջին տեղում է:

ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը ընդգծել են, որ Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է ընձեռում ինչպես հայ-լատվիական երկկողմ  եւ բազմակողմ համագործակցության զարգացման, այնպես  էլ Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման համար: Ընդգծվել է նաեւ այդ ձեւաչափում տնտեսական համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով` հիմնված մադրիդյան սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ Լատվիան, որը հավատարիմ է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման արժեքներին, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ իր դիրքորոշումը կհայտնի 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ` նշելով, որ Լատվիայի  հարեւան երկրներ Լիտվան, Շվեդիան եւ Լեհաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը եւ  հայ համայնքի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները,  ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ծավալվեց անկեղծ եւ անմիջական զրույց, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց նաեւ Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարեց նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրեց Ռիգայի ազատ գոտու գործունեությունը եւ նավահանգստի կառավարման համակարգը: