Աբխազիան Վրաստանի հետ սահմանին լրացուցիչ անցակետեր է բացել: Այս մասին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /UNDP/ մշտական ներկայացուցիչ Ջեյմի Մակգոլդրիկի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
«Առայսօր մեզ համար Վրաստանի Հանրապետությունը սպառնալիք ներկայացնող պետություն է: Միամիտ կլիներ կարծելը, որ այդ անցակետերն արվել են օրինապահ քաղաքացիների համար սահմանն անցնելը հեշտացնելու համար միայն: Անցակետերում մեր ներկայության ավելացումը եւ, ընդհանուր առմամբ, սահմանին վերահսկողությունը առաջին հերթին բխում է պաշտպանության ավելացման անհրաժեշտությունից», – ընդգծել է Աբխազիայի ղեկավարը:
Այս տարվա մայիսի 14-ին եւ 24-ին Աբխազիայի Գալի շրջանում գլխավոր անցակետին զուգահեռ բացվել են հինգ հավելյալ անցակետեր՝ չորսը հետիոտների համար, եւ մեկը՝ մեքենաների: Դրանցով սահմանը կարող են անցնել միայն Գալիի բնակիչները՝ աբխազական, խորհրդային հին անձնագրերով, ինչպես նաեւ №9 ձեւի փաստաթղթով, որը տրվում է անձնագրի փոխարեն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























