Հունիսի 6-ի առավոտյան Ուկրաինայի Գերագույն ռադան սկսել է աշխատել իր համար արդեն սովորական դարձած կարգով. ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի տրիբունան: Պատգամավորները բողոքում էին օրակարգի մի շարք հարցերի դեմ, ինչպես նաեւ նրանից, որ նախագահն իր ամենամյա ուղերձը անձամբ չի ներկայացրել Ռադային:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ընդդիմության 30-40 պատգամավորներ հավաքվել են խորհրդարանական տրիբունայի մոտ՝ իրար վրա շարելով նախագահ Վիկտոր Յանուկովիչի ամենամյա ուղերձի իրենց օրինակները:
Յանուկովիչը տրիբունայից վերջին անգամ ելույթ է ունեցել 2012թ. փետրվարին:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ տրիբունան կարգելափակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: Գլխավոր հարցը Կիեւում, հինգ խնդրահարույց շրջաններում եւ 140 բնակավայրերում ընտրությունների օրը նշանակելն է: Մյուս հարցն է ԿԸՀ-ի վերաբերյալ օրենքի փոփոխությունը: Երրորդ հարցն է ընդդիմության առաջ նախագահի ելույթը:




























