Երկու ամերիկացիներ, որոնք հայտնվել էին New York Post-ի առաջին էջում` որպես Բոսթոնի ահաբեկչության կասկածյալներ, դատի են տվել թերթին: Սալահքեդդին Բարհումն ու Յասսին Զաիմին նյույորքյան թերթին մեղադրել են զրպարտության մեջ եւ ցանկանում են փոխհատուցում ստանալ նրանից:

Բարհումի եւ Զաիմիի լուսանկարները հայտնվել էին New York Post-ի առաջին էջում ապրիլի 17-ին` Բոսթոնի մարաթոնից երկու օր անց: Լուսանկարում Բարհումն ու Զաիմին պատկերված են այն պահին, երբ գտնվել են հանդիսականների խմբում: Լուսանկարը տպվել էր «Պայուսակներով մարդիկ» վերտառությամբ, իսկ կից նյութում հաղորդվում էր, որ նրանց որոնում է ՀԴԲ-ն:

New York Post-ի նյութում չի ասվում, թե լուսանկարում պատկերվածները ահաբեկիչներ կամ կասկածյալներ են, սակայն նրանց փաստաբանները մտադիր են ապացուցել, որ նման տպավորություն է ստեղծվում յուրաքանչյուրի մոտ: Լուսանկարը տարածվել էր համացանցում, եւ 16-ամյա աշակերտ Բարհումն ու 24-ամյա ուսանող Զաիմին ինքնակամ ներկայացել էին ոստիկանություն: Նրանց հարցաքննել եւ հայտնել էին, որ նրանք կասկածյալներ չեն: Ըստ փաստաբանների, նրանք երկուսն էլ հանրային նվաստացման էին ենթարկվել: