Հայաստանյան «ԱՍԲԱ հիմնադրամը», որը զբաղվում է սոցիալական բնակարանաշինությամբ, դարձել է «ՍԵԿՈԴԱՍ» եվրոպական ֆեդերացիայի ասոցացված անդամ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին «ԱՍԲԱ հիմնադրամից»:

Որոշումն ընդունվել է ս.թ. մայիսի 24-ին՝ Դուբլինում կայացած «ՍԵԿՈԴԱՍ»-ի ընդհանուր ժողովի  նիստում: Այսպիսով՝ Հայաստանը հարավ-արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրներից առաջինը ձեռք բերեց մշտական կարգավիճակ Եվրոպական առաջատար բնակարանային կազմակերպությունում:

ՍԵԿՈԴԱՍ եվրոպական ֆեդերացիան ազգային եւ տարածաշրջանային սոցիալական բնակարանային ֆեդերացիաների ցանց է, որը միավորում է հանրային, կամավոր եւ կոոպերատիվ բնակարանային կազմակերպություններին ամբողջ Եվրոպայում: Այն հիմնադրվել է 1988թ.՝ նպատակ ունենալով խթանելու պատշաճ բնակարանի իրավունքը յուրաքանչյուր անձի համար:

«ԱՍԲԱ հիմնադրամը» ստեղծվել է սոցիալական մատչելի բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցության արդյունքում եւ իր խորհրդի կազմում ներառում է հայ եւ հոլանդացի փորձագետներ: «ԱՍԲԱ հիմնադրամի» նպատակն է խթանել Հայաստանում ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար կայուն եւ մատչելի բնակարանների զարգացումը: