Մեքսիկայի բանակի զինվորներին՝ ոստիկանության հետ համատեղ, հաջողվել է ազատել մարդկանց, որոնց մի քանի շաբաթ առաջ գերեւարել էր զինված ավազակախումբը: Սա թմրանյութերի առեւտրով զբաղվող ավազակախմբերի կողմից գերեւարված ամենամեծ խումբն էր:

Երկրի կառավարության փոխանցմամբ՝ նրանց առեւանգել էին Տամաուլիպաս նահանգում եւ պահում էին ԱՄՆ սահմանի հարեւանությամբ: Շատ հնարավոր է, որ նրանք հայտնվել են մարդկանց առեւտրով զբաղվող խմբի ձեռքում:

Մեքսիկացի թմրակարտելները զբաղվում են միգրանտների առեւանգմամբ, որոնք ցանկանում են Մեքսիկայից անցնել ԱՄՆ: Նրանց կամ թալանում են, կամ ստիպում թմրանյութեր անցկացնել սահմանից այն կողմ, հաղորդում է Russia Today-ը:

Միգրանտների այս խումբը գերության մեջ է մնացել 2-3 շաբաթ: Նրանց շարքում կան հղի կանայք եւ երեխաներ: AFP գործակալությունը նշում է, որ 165 մարդկանցից 20-ն անչափահաս են: Նրանց մեծ մասը Սալվադորի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի բնակիչներ են:

Հաղորդվում է նաեւ, որ նրանց հաջողվել է գտնել անանուն տեղեկության շնորհիվ: