FEMEN շարժման երեք ակտիվիստուհիներ ձերբակալվել են հունիսի 7-ի առավոտյան, Բեռլինում դաշնային կանցլերի գրասենյակի առջեւ:

Իրենց ակցիայով ակտիվիստուհիները փորձում էին կանցլեր Անգելա Մերկելի ուշադրությունը հրավիրել շարժման կողմնակիցների ճակատագրի վրա, որոնք այժմ ազատազրկված են Թունիսում: Թունիսի կառավարության ղեկավար Ալի ալ-Արեյդը հունիսի 7-ին այցելում է Բեռլին, որտեղ նրան ընդունելու է Գերմանիայի կանցլերը: Ակցիայի մանսակիցներին ձերբակալել են, քանի որ նրանց ակցիան արտոնված չէր: Ինքնությունը պարզելուց հետո նրանց ազատ են արձակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

FEMEN միջազգային շարժման ներկայացուցիչները ձերբակալվել են Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում մերկ ակցիայի համար: Նրանք իրենց կուրծքը մերկացրել էին՝ ի նշան բողոքի Ամինա Թայլերի ձերբակալության:

Ձերբակալվածներից երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են, մեկը` գերմանուհի է:

Հիշեցնենք, որ վերջերս մահմեդական կրոնավորների կողմից մահապատժի դատապարտված Ամինա Թայլերը ձերբակալվել է Կայրուանում` քաղաքի մզկիթը պղծելուց հետո:

2013թ. մարտին Թայլերը ինտերնետում լուսանկարներ էր դրել, որտեղ մերկ էր պատկերված, իսկ կրծքին գրված էր. «Իմ մարմինը պատկանում է բացառապես ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում»: Դրանից հետո իսմալական առաջնորդները նրան մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել: